Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Պստիկ, շատ պստիկ քայլ

Պստիկ, շատ պստիկ քայլ
28.07.2009 | 00:00

ԻՄԻՏԱՑԻԱ
Եթե հաշվի առնենք, որ օգոստոսը մեռած ամիս է` բոլոր առումներով, ապա հոկտեմբերի 27-ին մնացել է ընդամենը երկու ամիս:
Տեղեկացանք, որ ՀՀ նախագահն Ազգային ժողովի նախագահի հետ խորհրդակցել, համատեղ որոշել են հուշակոթող կառուցել` «27-ի» տխուր տասնամյակի առիթով: Օգոստոսի 15-ին ստեղծվելու է աշխատանքային հանձնաժողով, որում ներգրավված են լինելու «հնարավոր» ու «անհնար» բոլոր չինովնիկները` մշակույթի նախարարից, քաղաքի գլխավոր ճարտարապետից մինչև՜ ԱԺ ֆրակցիաների ղեկավարներ:
Ինչքա՞ն գումար կպահանջվի հուշակոթողի կառուցման համար, ԱԺ այգու ո՞ր մասում է տեղադրվելու այն, ո՞վ է տրամադրելու գումարը, արդեն առկա հուշաքա՞րն ինչ է արվելու, տարհանվելո՞ւ է, թե՞ երկուսն էլ մնալու են ԱԺ-ի տարածքում (Կոզեռնի նախկին գերեզմանոցում հասցնելո՞ւ են այդքան կարճ ժամկետում ցավի այդ կոթողը վեր հառնեցնել, և, վերջապես, զոհերը միայն խորհրդարանինը չեն, ժողովուրդը ո՞նց է հիշատակի իր տուրքը մատուցելու նրանց։ Էստեղ «իմիջավորները» մի քիչ նեղացան, թե ամիսը երկու անգամ ԱԺ-ի «զաբորները» բացվում են ժողովրդի առաջ, հրես` օգոստոսին համերգ է լինելու, հետո էլ կինոդիտում... Մենք, իհարկե, չափը չանցանք ու չասինք, թե ԱԺ-ն տեղով կինո է, է՛լի, 27-ին` մեծ ու տրագիկ, դրանից հետո` տրագիֆարս: Ընդամենն ասինք` Տարկովսկու ֆիլմերը ցուցադրեք։ Մի խոսքով, հարցեր էին, որոնց պատասխաններն այս պահին չկան, բայց, ինչպես տեղեկացրին, ամեն ինչ պարզ կդառնա օգոստոսի 15-ից հետո:
Ի դեպ, փորձեցինք ճշտել` արդյո՞ք պլանավորվել է նաև, թե ինչ միջոցառումների ինչպիսի ձևաչափ է ընտրվելու այդ ցավոտ օրվա ոգեկոչման համար: Կառավարությունից ասացին` դեռ ոչինչ պարզ չէ. երևի թե առաջիկայում ՀՀ նախագահը համապատասխան հրամանագիր կստորագրի` հանձնաժողով ստեղծելու մասին, որն էլ կզբաղվի դրանով:
27-ի «հացիվ» ասպեկտից դառնանք «բանիվ» ասպեկտին:
27-ը տասը տարի անց էլ կդիմավորենք 27-ի ցավն ու հարցականներն այդպես էլ չմաշած, դրա մասին իմանալով նույնքան, որքան գիտեինք հենց 27-ին: Այդպես էլ չգտնվեց «ուչաստկովին», որը կպարզեր` ովքեր են կազմակերպիչները, ովքեր էին կանգնած կատարողների հետևում (դրա համար էլ մարտի մեկ ունեցանք):
Իսկ գուցե 27-ին զոհ գնացած պետական այրերի նկատմամբ ապրողներիս, նրանց ընկերների` հարգարժան հանձնաժողովներ ստեղծող պաշտոնյաների տասնամյա վերհուշի ամենանորմալ արտահայտությունն այն կլիներ, որ փորձ արվեր վե՞ր բարձրացնել կազմակերպիչների մասով անջատված գործը, և նոր քննությո՞ւն սկսվեր։ Եվ ոչ թե հերթական անճաշակ հուշարձա՜ն (ի՞նչ հուշարձան պետք է ստեղծվի, որ կարողանա ամոքել, սիմվոլացնել պետական այրերի, լավագույն էդ տղերքի կորստի ամայությունը), արարողությո՜ւն, վերհո՜ւշ... Մանավանդ որ հերթական անգամ ընդդիմությունն առանձին է գալու իր «մեծ մեռելներին» այցելության, իշխանությունը` առանձին, զոհերի հարազատների` մոր, կնոջ, որդու ձեռքը ոչ մի իշխանավոր չի սեղմելու, ուշացումով չի ասելու` թող անցած լինի, եթե նման բաներն «անցավոր» կարող են լինել: Եվ այսպես` արդեն տա՜սը տարի:
ՈՒստի ՀՀ նախագահն ավելի ճիշտ կանի հանուն 27-ի «մի հանձնաժողով» ստեղծի, որն առաջին հերթին այս երկրից կվանի էդ ջրբաժանը, ու ինքն էլ, որպես օրինակ, 27-ին վեր կենա-գնա նախ` Դեմիրճյանենց տուն, հետո «այցելի» Վազգենին, նստի ու զրուցի նրա մոր` Գրետա մայրիկի և Զավեն հայրիկի հետ։ Հին օրերի պես:
ՈՒ դա կլինի իրոք վերհուշ: 27-ից այս կողմ պրկված մեր նյարդերի համար: Ի շրջանս պտույտի առաջին` պստիկ, շատ պստիկ քայլ:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2042

Մեկնաբանություններ